Մի քանի տարի է՝ Կովկասի ամենամեծ լիճը՝ Սեւանը, ամռանը «ծաղկում է»։ Այս գործընթացը ցիանոբակտերիաների կամ կապտականաչ ջրիմուռների զանգվածային զարգացումն է, որն էլ ջրին տալիս է կանաչ երանգ։

Գիտնականների պնդմամբ՝ այդ ծաղկումները պարզապես ամռան տաք եղանակին Սեւանա լճում տեղի ունեցող էկոլոգիական գործընթացների մի կարճատեւ դրսեւորման ձեւ են։

ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Գոռ Գեւորգյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշում է, որ խնդիրը ոչ թե այդ ծաղկումներն են, այլ լճի էկոլոգիական ընդհանուր վիճակը. «Այսինքն՝ լճում տեղի են ունենում էվտրոֆացման գործընթացներ, որոնք ամռան տաք եղանակներին տեսանելի են դառնում սովորական քաղաքացուն»։

Որոնք են դրանց խնդիրները

Էվտրոֆացում նշանակում է ճահճացում, այսինքն՝ օրգանական նյութի ավելացում լճում, որը տեղի է ունենում ինչպես արտաքին աղտոտման, այնպես էլ ներլճային աղտոտման հետեւանքով։

Գոռ Գեւորգյանի խոսքով՝ արտաքին աղտոտումը ներառում է Սեւանի ավազանի բնակավայրերի կենցաղային արտանետումները, որոնք առանց պատշաճ մաքրման լիճ թափվող գետերով լցվում են Սեւանա լիճը։

«Ներքին աղտոտումն առաջին հերթին խորհրդային տարիներին, երբ լճի մակարդակը 20 մետրով իջեցրին, Մեծ Սեւանում ամբողջովին անհետացավ հատակային ստորին շերտ, իսկ Փոքր Սեւանում՝ մասամբ։ Հատակային ստորին շերտը կատարում է պաշտպանիչ ֆունկցիա, այսինքն՝ թույլ չի տալիս հատակում նստած այդ նյութերը նորից անցնեն ջրային միջավայր։ Երբ լճի այդ շերտն անհետացավ, արդեն ավելի խոցելի դարձավ հատակային աղտոտումը»,- ընդգծում է Գեւորգյանը։

Էկոհամակարգի սննդային շղթայի հավասարակշռվածության խախտում

«Այսինքն՝ երբ պակասում է որեւէ օղակի, մասնավորապես, ձկնային, խեցգետնային պաշարները լճում, որոնք կատարում էին հատակի մաքրման ֆունցկիա, այսինքն՝ սնվում էին այդ մեռած օրգանիզմներով, այսպես ասած՝ հատակը մաքրում էին, ապա դա նպաստում է հատակում օրգանական նյութերի կուտակմանը»,- ասում է Գեւորգյանը։

Ձկնային եւ խեցգետնային պաշարների պակասում

Ըստ Գեւորգյանի՝ ձկները այդ սննդային շղթայի վերին օղակն են. այսինքն՝ ջրիմուռը ֆոտոսինթեզի հետեւանքով ստեղծում է օրգանական նյութ, այնուհետեւ ջրիմուռով սնվում է ավելի վերեւի օղակը, որից հետո դրանով սնվում է ձուկը, դա էլ արդյունքում դառնում է շղթա.

«Երբ ձկան պաշարը պակասում է, ավելի ներքեւ գտնվող ձկան սնունդն ավելցուկ է տալիս. այսինքն՝ հավասարակշռությունը չի կարգավորվում։ Եվ այդ ավելցուկը դառնում է կենսազանգված, աղտոտման աղբյուր։ Երբ ձկան պաշարը բավարար է լինում, արդեն ձուկը սնվում է ներքեւի օղակով, ձուկը չի մնում ջրի մեջ, այլ դառնում է սննդի աղբյուր»։

Մասնագետի խոսքով՝ նշված խնդիրները գումարվել են իրար. «Ափամերձ տարածքները երբ անցան ջրի տակ, դրանք նույնպես աղտոտման աղբյուր դարձան, քանի որ այդ տարածքների բուսականությունն անցել է ջրի տակ։ Երբ ջերմաստիճանը բարձրանում է, սկսում են ցիանոբակտերիաներն ակտիվանալ։ Երբ ջերմաստիճանը բարձրանում է, տեղի է ունենում ջերմային շերտավորում, այսինքն՝ լճի տարբեր շերտեր ունենում են տարբեր ջերմաստիճաններ, ինչը խոչընդոտում է լճի շերտերի խառնմանը»։

Արեւի ճառագայթման ինտենսիվություն

Գոռ Գեւորգյանը նշում է, որ կապտականաչ ջրիմուռներն ընդունակ են ֆոտոսինթեզի, երբ արեւի ճառագայթման ինտենսիվությունը բարձր է լինում, ավելի ակտիվ է լինում ֆոտոսինթեզը։

Լուծումները

Գոռ Գեւորգյանի խոսքով՝ լուծման մի քանի եղանակներ կան.

«Եղանակային պայմանները մեծ դեր են խաղում հատկապես այն, որ ապագայում սպասվում է ավելի ջերմային ռեժիմի անբարենպաստ կլիմայական պայմաններ։

Մենք կարող ենք միայն ազդել աղտոտման վրա, այսինքն՝ թույլ չտանք, որ աղտոտում տեղի ունենա։ Պետք է հստակ հսկողություն սահմանվի։ Պետք է ջրի մակարդակը կայուն կերպով բարձրանա։ Երբ մակարդակը բարձրանա, կվերականգնվի նաեւ հատակային սառը շերտը։

Դրանց համար անհրաժեշտ են մաքրման կայաններ, եւ հատկապես կենսաբանական մաքրման կայաններ, քանի որ այս տիպի կայաններն են ունակ չեզոքացնել օրգանական նյութը կեղտաջրում։ Ձկնային եւ խեցգետնային պաշարները պետք է վերականգնվեն, որը կլուծի սննդային շղթայի հավասարակշռության խնդիրը, կլուծի հատակի մաքրումը»։