Երկրների համար դժվար է համաձայնել գազի պարտադիր կրճատմանը՝ առանց իմանալու, թե ինչպիսին է լինելու հաջորդ ձմեռը՝ առանց իրենց շահերը պաշտպանելու, ճեպազրույցում ասել է Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան, հաղորդում է Wprost-ը։
«Կարելի է խոսել կամավոր մեխանիզմների մասին, կարելի է խոսել առանձին երկրներում խնայողությունների մասին... Դժվար է խոսել Եվրահանձնաժողովի կողմից ծնկի վրա պատրաստված պարտադիր մեխանիզմների մասին, որոնք պետություններին ստիպում են պարտադիր կրճատումներ կատարել: Մենք չենք կարող համաձայնել սրա հետ»,- հավելել է լեհ նախարարը։
Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ 27 երկրներին առաջարկել էր օգոստոս-մարտ ամիսներին 15 տոկոսով կրճատել գազի սպառումը: Միջոցառումը կամավոր է, սակայն Հանձնաժողովը կարող է այն պարտադիր դարձնել գազի մատակարարման վթարային իրավիճակի դեպքում:
Բրյուսելը երկրներին կոչ է արել գազի սպառումը սահմանափակել հիմա, որպեսզի օգնեն լցնել պահեստները մինչեւ ձմեռ, եւ զգուշացրել է, որ շատ հավանական է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցումը: Սակայն ԵՄ ծրագիրը բախվել է մի շարք կառավարությունների դիմադրությանը, որոնցից որոշները կտրականապես դեմ են պարտադիր կրճատումներին, իսկ մյուսները չեն ցանկանում Բրյուսելին թույլ տալ վերահսկել էներգիայի իրենց սպառումը:





























