Պակիստանի միջազգային ավիաուղիների երկու ինքնաթիռներ քիչ է մնացել բախվեն՝ Իրանի օդային տարածքում նույն բարձրության վրա թռչելիս, հայտնում է Daily Pakistan-ը:

Boeing 777-ի Իսլամաբադ-Դուբայ PIA PK-211 չվերթը, եւ Airbus A320-ի Դոհա-Փեշավար PK-268 չվերթը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) սահմանի մոտ Իրանի ավիադիսպետչերների ենթադրյալ անփութության պատճառով հայտնվել են վտանգավոր իրավիճակում, որը կարող էր հանգեցնել խոշոր վթարի, հաղորդում է Dawn News-ը։

Ըստ հաղորդագրությունների՝ Իրանն, իբր, պակիստանյան երկու ավիափոխադրողների թռիչքները միաժամանակ է թույլ տվել։

Boeing 777-ը թռել է 35 000 ֆուտ, իսկ Airbus A320-ը 36 000 ֆուտ բարձրության վրա, երբ նրանք վտանգավոր մոտեցել են միմյանց:

Այդ պահին բախումը կանխող համակարգը, որը տեղադրված է ինքնաթիռներում, տագնապի ազդանշան է տվել, եւ մի ինքնաթիռին հրահանգվել է խուսանավել, իսկ մյուսը բարձրացել է ավելի վեր։

Պակիստանի ավիաընկերության ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ ազգային ավիափոխադրողը նամակ է ուղարկում Իրանի համապատասխան կառույցներին՝ խնդրելով հետաքննել այդ հարցը։