Սինգապուրը թույլատրել է Շրի Լանկայի նախկին նախագահ Գոտաբայա Ռաջապաքսային եւս 14 օր մնալ երկրում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները։
Կարճաժամկետ թույլտվությունը, որը տրվել էր, երբ Ռաջապակսան երկու շաբաթ առաջ մասնավոր այցով ժամանել էր երկիր, երկարաձգվել է, Reuters-ին հայտնել են աղբյուրները Կոլոմբոյում եւ Սինգապուրում:
Այժմ Ռաջապակսան կարող է Սինգապուրում մնալ մինչեւ օգոստոսի 11-ը։
Ռաջապակսան հուլիսի 14-ին վայրէջք էր կատարել Սինգապուրում՝ ճգնաժամի մեջ գտնվող իր երկրից Մալդիվներով փախչելուց մեկ օր անց եւ ժողովրդական ապստամբությունից հետո, որը ստիպեց նրան հեռանալ նախագահի պաշտոնից:
Այն ժամանակ Սինգապուրի կառավարությունը հայտարարեց, որ նա ապաստան չի ստացել եւ մասնավոր այցով գտնվում է երկրում։
«Կարծում եմ, որ նա, ի վերջո, կարող է դիտարկել Շրի Լանկա վերադառնալու հնարավորությունը, բայց մենք հստակ քաղաքական կամ այլ դիրքորոշում չունենք այս հարցում»,- երեքշաբթի ասել է Շրի Լանկայի կառավարության ներկայացուցիչ Բանդուլա Գունվարդենան։
Վեց անգամ վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն ստանձեց նախագահի պաշտոնը խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո, երբ Ռաջապակսան փախավ երկրից եւ հրաժարական տվեց:
Շրի Լանկան արդեն ամիսներ շարունակ ավերիչ տնտեսական ճգնաժամի մեջ է՝ վառելիքի, սննդի եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի պատճառով, քանի որ հիմնական ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ արտարժույթի պահուստները ռեկորդային ցածր մակարդակի են հասել:





























