Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) վերակենդանացման տեքստի նոր նախագիծ է առաջարկել՝ ասելով, որ հետագա լուրջ փոխզիջումների տեղ չի մնացել:
«Այժմ ես սեղանին մի տեքստ եմ դրել, որում մանրամասնորեն դիտարկվում է պատժամիջոցների չեղարկումը, ինչպես նաեւ միջուկային քայլերը, որոնք անհրաժեշտ են ԳՀՀԾ-ի վերականգնման համար», - գրել է Բորելը Financial Times-ում հրապարակված իր էսսեում:
«Վիեննայում 15 ամիս տեւած ինտենսիվ, կառուցողական բանակցություններից եւ ԳՀՀԾ-ի անդամների եւ ԱՄՆ-ի հետ անհամար շփումներից հետո ես եկել եմ այն եզրակացության, որ լրացուցիչ նշանակալի փոխզիջումների տեղը սպառվել է», - հավելել է նա։
Բորելն իր առաջարկի մանրամասները չի հայտնել, սակայն ենթադրել է, ինչպես եւ շատ արեւմտյան պաշտոնյաներ նախկինում, որ գործարքի վերականգնման ժամանակը սպառվում է, որի համաձայն Իրանը կրճատում է իր միջուկային ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցներից ազատման դիմաց:
«Եկել է արագ քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը՝ Վիեննայի բանակցություններն իմ առաջարկած տեքստի հիման վրա ավարտվելու եւ ամբողջությամբ իրականացվող ԳՀՀԾ-ին անմիջապես վերադառնալու համար,- գրել է նա։- Եթե գործեւարքը մերժվի, մենք կարող ենք միջուկային վտանգավոր ճգնաժամ ունենալ՝ Իրանի եւ նրա ժողովրդի հետագա մեկուսացման հեռանկարի ֆոնին»:
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնն ուսումնասիրում է «ըմբռնման նախագիծը», որը Բորելը ներկայացրել էր Իրանին եւ մյուսներին 2015-ի գործարքում, եւ կպատասխանի անմիջապես ԵՄ-ին։
Միջուկային պայմանագրի համաձայն՝ Թեհրանը սահմանափակել է ուրանի հարստացման իր ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցներից ազատվելու դիմաց:
2018-ին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ գործարքից՝ այն չափազանց մեղմ անվանելով Իրանի նկատմամբ:





























