Եվրամիությունում գազի սպառման հարկադիր կրճատման վերաբերյալ հնարավոր որոշումը պետք է ընդունվի միաձայն, այլ ոչ թե կվալիֆիկացված մեծամասնությամբ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, փոխանցում է Reuters-ը։
Եվրամիության երկրներն ավելի վաղ հաստատել էին գազի սպառումը կամավոր հիմունքներով օգոստոսից մարտ 15 տոկոսով նվազեցնելու արտակարգ ծրագիրը։ Ըստ ծրագրի՝ կրճատումները կարող են պարտադիր դառնալ մատակարարման արտակարգ իրավիճակի դեպքում՝ ԵՄ երկրների մեծ մասի համաձայնության դեպքում: Հունգարիան միակ երկիրն էր, որը դեմ է հանդես եկել այս ծրագրին:
Լեհաստանը հայտարարել է, որ դեմ է պարտադիր կրճատումներին, մինչդեռ Մորավիեցկին ասել է, որ ցանկանում է վետո դնել որոշման վրա:
«Մենք բացարձակապես կողմ ենք քվեարկությանն այս հարցում, քանի որ դա վերաբերում է էլեկտրաէներգիայի, էներգետիկ բալանսին՝ այսպես կոչված միաձայնության ռեժիմում, որտեղ Լեհաստանը վետոյի իրավունք կունենա: Մենք դա պահանջում ենք»,- ասել է նա, փոխանցում է Polsat News հեռուստաընկերությունը:
«Եթե ԵՄ-ն փորձի մեզ ստիպել քվեարկել որակյալ մեծամասնությամբ, մենք կտրականապես դեմ հանդես կգանք։ Եթե հարկ լինի, մենք ֆորմալ վետո կդնենք, իսկ հետո, ցավոք, այդ վետոյի նկատմամբ վերաբերմունքը կախված կլինի ԵՄ մարմինների որոշումներից»։
Լեհաստանի կլիմայի նախարարն առանձին հարցազրույցում ասել է, որ Լեհաստանն արդեն հասել է գազի սպառման զգալի կրճատումների, եւ հարկադիր կրճատումների քննարկումն «ավելորդ» է։
«Հուսով եմ, որ դա երբեք տեղի չի ունենա… մենք կտրականապես չենք աջակցի այդ (պարտադրված) կրճատմանը, իսկ վատագույն դեպքում պարզապես չենք ենթարկվի»,- ասել է Աննա Մոսկվան TVP հանրային հեռուստաալիքին:



























