Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը խոստացել է հետաքննել նախկին խիստ ռեժիմի բանտի բանտապահի պնդումներն այն մասին, որ բազմիցս պաղեստինցի բանտարկյալի կողմից բռնաբարության զոհ է դարձել այն բանից հետո, երբ իր վերադասները ստիպել են աշխատել որպես «սեքսուալ ստրուկ», հաղորդում է AFP-ն:

Իսրայելական ԶԼՄ-ներում մի քանի տարի է, ինչ շրջանառվում են հաղորդագրություններ այն մասին, որ Գիլբոա բանտի բանտարկյալների կողմից բռնության են ենթարկվել կին բանտապահները:

Սակայն անցած սեպտեմբերին բանտի աշխատակիցները կրկին հսկողության տակ են հայտնվել, քանի որ վեց պաղեստինցի բանտարկյալներ փախել էին Գիլբոայից՝ թունելով անցնելով ջրահեռացման համակարգով: Այս փախուստը գրավել էր համաշխարհային մամուլի ուշադրությունը:

Այս ամենի արդյունքում անցյալ տարի մի շարք բացահայտումներ եղան տղամարդ բանտապահների հրամանով կին բանտապահների համար խոցելի իրավիճակների ստեղծման վերաբերյալ:

Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ մի կին, ով իրեն ներկայացրել է որպես Գիլբոայի նախկին բանտապահ, առցանց ցուցմունք է հրապարակել, ըստ որի իրեն բազմիցս բռնաբարել է պաղեստինցի մի բանտարկյալը:

Նրա խոսքով՝ իրեն «հանձնել են» վերադասի հրամանով եւ դարձրել բանտարկյալի «անձնական սեքսի ստրուկը»։

Կնոջ փաստաբանը հետագայում հաստատել է անանուն ցուցմունքը՝ ասելով, որ իր պաշտպանյալը հոգեբուժական օգնության կարիք ունի:

Իսրայելի վարչապետն արձագանքել է այս լուրերին եւ խոստացել հետաքննել այս գործը։