Լուրերը, թե Վրաստանում հայ զբոսաշրջիկներ տեղափոխող, վթարված ավտոբուսի վարորդը ղեկին քնել է, պաշտոնապես չեն հաստատվել, այդ երկրի ՆԳՆ-ն նման հաղորդագրություն դեռեւս չի տարածել։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակից Լեւոն Թորգոմյանը։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ վթարված ավտոբուսի վարորդի փոխանցմամբ, ինքը վարելու պահին վատ է զգացել եւ ուշաթափվել է, մինչդեռ ուղեւորներից մի քանիսը շարունակում են ենթադրել, որ նա ուղղակի ղեկին քնել է։ 

Թորգոմյանը նշեց նաեւ, որ թեպետ վթարի իրական պատճառները առայժմ ճշտված չեն, սակայն միանշանակ է, որ ավտոբուսին հանդիպակաց եւ դրա հետեւից եկող մեքենաներ չեն եղել, հաղորդում չի ստացվել նաեւ փոխադրամիջոցի անսարքության մասին։Նշենք, որ ըստ ռուսական RBK գործակալության՝ Վրաստանում վթարված Հայաստանի քաղաքացիների տեղափոխող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Վրաստանում Հայաստանի դեսպանատանից հայտնել են, որ Վրաստանում վթարված ավտոբուսի հայ ուղեւորների կյանքին վտանգ չի սպառնում։ Հիվանդանոց տեղափոխված հայաստանցիների մեծ մասը այս գիշեր դուրս է գրվել եւ դեսպանատան աշխատակիցների աջակցությամբ ուղեւորվել Հայաստան։

Նրա տեղեկացմամբ, ավտոբուսում եղել է ընդհանուր առմամբ 29 հոգի՝ մեծամասամբ Հայաստանի քաղաքացիներ։ Եղել են նաեւ վրացի եւ ռուս ուղեւորներ։Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել երեկ երեկոյան Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհին, Գուդաուրիի շրջանում: Ավտոբուսն ընկել էր 15-մետրանոց անդունդը: