ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնել է Սինգապուր, տեղեկացրել է The New York Times-ը։

Սպասվում է, որ քաղաքական գործչի այցելությունը Հարավարեւելյան Ասիա կներառի նաեւ այց Թայվան, չնայած Չինաստանի սաստկացող զգուշացումներին այն մասին, որ կղզի այցելությունը կարող է առաջ բերել կոշտ ռեակցիա, գրել է պարբերականը։ Իր հայտարարությունում, սակայն, Փելոսին չի հիշատակել Թայվանի մասին, ուստի ուղեւորությունը կղզի հանելուկ է մնում, որին սեւեռուն հետեւում են թե՛ Վաշինգտոնում, թե՛ Պեկինում։

Ավելի վաղ   չինացի զինվորականները հայարարել էին, թե զորավարժություններ են անցկացնելու հարավարեւելյան Ֆուցզյան նահանգում, Թայվանից մոտ 80 մղոն հեռու։ Բացի այդ,  Չինաստանի ՌՕՈւ-ի ներկայացուցիչը, չնշելով ամսաթիվը, տեղեկացրել է, որ իր երկրի կործանիչները կթռչեն Թայվանի վրայով, «որպեսզի ցուցադրեն տարածքը պաշտպանելու իրենց կարողությունը»։ Զորավարժությունները կհամընկնեն ամերիկյան պատվիրակության այցի հետ, որը մտադիր է համոզել տարածաշրջանի իշխանություններին, որ ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան իր քաղաքական գծին, նշվել է The New York Times-ի հրապարակման մեջ։

Ինչպես տեղեկացրել է Yonhap գործակալությունը, օգոստոսի 4-ին Փելոսին կհանդիպի նաեւ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Չժին Փհյոյի հետ։ Գործակալության տեղեկացմամբ՝ նրանք քննարկելու են տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական համագործակցության հարցեր։

Փելոսին ԱՄՆ-ից Ասիա է թռել հուլիսի 30-ին։ Իրական ռեժիմով Boeing C-40С-ի թռիչքին հետեւել է մոտ 100 հազար մարդ, որոնք սպասում էին, որ նա կայցելի Թայվան։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հավայների Հոնոլուլուի օդանավակայանում։