Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) երեքշաբթի զորավարժություններ է սկսել Հարավչինական ծովում՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան հնարավոր այցի համատեքստում։ Ինչպես տեղեկացրել է Չինաստանի Ծովային անվտանգության վարչությունը, զորավարժությունները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 6-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Օգոստոսի 2-ի ժամը 00.00-ից մինչեւ օգոստոսի 6-ի ժամը 24.00-ն Հարավչինական ծովի ջրավազանում զորավարժություններ տեղի կունենան»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։ Մուտքը նշված շրջան, որի կոորդինատները նշված են կայքում, արգելված է, նշվել է փաստաթղթում։
Դալյան քաղաքի (Լյաոնին նահանգ, Հյուսիսարեւելյան Չինաստան) Ծովային անվտանգության վարչությունն, իր հերթին, տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ի ժամը 14.00-ից մինչեւ օգոստոսի 4-ի ժամը 24.00-ն Բոհայի ծոցի հյուսիսային մասում կիրականացվեն զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ։ Մուտքը նշված շրջան արգելված է։
Սրանք միակ զորավարժությունները չեն, որոնք ծովում իրականացնում է Չինաստանն այս օրերին։ Անցած շաբաթ, ուրբաթ օրը, Չինաստանը զորավարժություններ էր սկսել Հարավչինական ծովի չորս շրջաններում՝ Գուանդուն եւ Հայնան նահանգների ջրավազաններում։ Շաբաթ օրը մարտական հրաձգությամբ զորավարժություններ են անցկացվել Ֆուցզյան արեւելյան նահանգի ջրավազանում, որը Թայվանից բաժանվում է նեղուցով։





























