Թայվանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է կղզու մոտակայքում նախատեսված չինական զորավարժությունները՝ նշելով, որ դրանց նպատակը քաղաքացիների հոգեբանական ահաբեկումն է, հայտնում է Reuters-ը։

Չինական բանակը մի շարք ռազմական օպերացիաներ կսկսի Թայվանի շրջակայքում երեքշաբթի երեկոյան՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի ֆոնին, երեքշաբթի հայտարարել է ՉԺՀ-ի Արեւելյան գոտու մարտական ​​հրամանատարության ներկայացուցիչ Շի Յին:

Գործակալության տվյալներով՝ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Չինաստանը փորձում է սպառնալ կղզու գլխավոր նավահանգիստներին ու քաղաքներին, այդ կապակցությամբ Թայվանը լրջորեն դատապարտել է ՉԺՀ-ի այդ որոշումը։

«Չինական զորավարժություններն ուղղված են քաղաքացիների հոգեբանական ահաբեկմանը»,- ասվում է Թայվանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Պաշտպանության գերատեսչությունում նշել են, որ զինվորականները վերահսկում են իրավիճակը եւ բարձրացրել են պատրաստվածության մակարդակը։ Այնտեղ հայտարարել են, որ զինվորականներն «անվտանգությունն ապահովելու» տրամադրվածություն ու կարողություններ ունեն։