Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջել է վերադարձնել Արգենտինայում կալանավորված Boeing 747-300M տրանսպորտային ինքնաթիռը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հիմա նրանք մտադիր են գողանալ մեր ինքնաթիռը, ինչպես գողացան մեր ոսկին Լոնդոնում, ինչպես գողացան մեր Citgo (նավթավերամշակման ընկերությունն ԱՄՆ-ի տարածքում). գողանալ Վենեսուելային պատկանող ինքնաթիռը... Մենք հայտնում ենք մեր բողոքը, որպեսզի մեզ վերադարձնեն վենեսուելական ինքնաթիռը»,- ասել է պետության ղեկավարը VTV հեռուստաալիքի եթերում։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախօրեին խնդրել էր Արգենտինայի իշխանություններին կալանավորել Boeing 747-300M տրանսպորտային ինքնաթիռը, որը, նրանց տվյալներով, վենեսուելացի գործընկերներին էր փոխանցել իրանական ավիաընկերությունը՝ խախտելով արտահանման վերահսկման ամերիկյան նորմը։

Գործի նյութերի համաձայն՝ իրանական Mahan Air-ին պատկանող ինքնաթիռը փոխանցվել է վենեսուելական Emtrasur-ին, որն, իր հերթին, թույլ է տվել «օդանավի վերարտահանում Կարակասի (Վենեսուելա), Թեհրանի (Իրան) եւ Մոսկվայի (Ռուսաստան) միջեւ՝ առանց ԱՄՆ կառավարության թույլտվության»։

Վենեսուելայի նախագահի խոսքով՝ Արգենտինայում կալանավորված ինքնաթիռը «հիմնարար դեր է խաղացել Վենեսուելայի հումանիտար կյանքում»։ Դրանով դեղորայք է տեղափոխվել Չինաստանից, Ռուսաստանից եւ Հնդկաստանից, ինչպես նաեւ հումանիտար օգնություն Կարիբյան ավազանի եւ Աֆրիկայի երկրներին։

Վենեսուելական Emtrasur ավիաընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը հունիսի 6-ին Մեքսիկայից ժամանել էր Արգենտինա։ Ինքնաթիռում 19 մարդ կար՝ վենեսուելացի եւ իրանցի։ Հունիսի 8-ին այն թռել է Էսեյսի օդանավակայանից Ուրուգվայի ուղղությամբ, բայց վերադարձել է, քանի որ այդ երկիրը վայրէջքի հավանություն չի տվել։ Վերադառնալուն պես ինքնաթիռն ու անձնակազմը կալանավորվել են։

Արգենտինայի իշխանությունները կալանավորել են նաեւ ինքնաթիռի անձնակազմին, ներառյալ հինգ իրանցի։ Անձնակազմի հրամանատարը ճանաչվել է որպես Իսմական հեղափոխության պահապանների կորպուսի (ռազմականացված կառույց, որն ԱՄՆ-ում ներառված է ահաբեկչական ցուցակներում) նախկին սպա, տեղեկացրել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Mahan Air-ը եւ վենեսուելական Conviasa-ն, որը վերահսկում է Emtrasur-ին, ենթարկված են ԱՄՆ պատժամիջոցներին։