Մեծ Բրիտանիայի տնտեսությունն արդեն ռեցեսիայի մեջ է, քանի որ կյանքի ծախսերի ճգնաժամը կործանարար ազդեցություն ունի տնային տնտեսությունների եկամուտների վրա, փոխանցում է Bloomberg-ը։
Ըստ Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի մռայլ գնահատականի՝ միջին իրական տնօրինվող եկամուտն այս տարի կնվազի աննախադեպ 2.5 տոկոսով եւ մինչեւ 2026 թվականը մինչհամաճարակային 7 տոկոս մակարդակից ցածր կմնա։
«Մեծ Բրիտանիայի տնտեսությունը դեպի ստագֆլյացիայի շրջան է շարժվում՝ բարձր գնաճով եւ անկմամբ»,- ասել է NIESR-ի մակրոտնտեսության գծով փոխտնօրեն Սթիվեն Միլարդը:
Ըստ գնահատականնրի՝ մինչեւ 2024 թ. աշխատավարձից աշխատավարձ ապրող տնային տնտեսությունների թիվը գրեթե կկրկնապատկվի՝ հասնելով 7 միլիոնի, այդ թվում՝ 5.3 միլիոնը՝ առանց խնայողությունների: Խումբը հայտարարել է, որ իրենք ստիպված կլինեն պարտքերի մեջ մտնել, քանի որ էլեկտրաէներգիայի աճող վճարներն ուտում են եկամուտները։
Ռեցեսիայի մասին նախազգուշացումը, որը, ըստ NIESR-ի, սկսվել է այս եռամսյակում եւ կտեւի մինչեւ 2023-ի սկիզբը, վառ հիշեցում է Բորիս Ջոնսոնի պաշտոնի երկու հավակնորդների առջեւ ծառացած մարտահրավերների մասին: Տնտեսագետները հայտարարել են, որ ճգնաժամի խորությունը կստիպի կառավարությանը արձագանքել՝ ենթադրելով, որ ֆինանսների կառավարման հին մոտեցման փոխարեն որոշակի նպատակ է պետք:
NIESR-ը նաեւ նշել է հաշվարկները, որոնք ցույց են տալիս, որ Լոնդոնի եւ Մեծ Բրիտանիայի մնացած մասերի միջեւ տնտեսական անջրպետը մեծանում է: Դա խոսում է այն մասին, որ պակաս հարուստ տարածքները «հարթեցնելու» կառավարության առաջնային քաղաքականությունը ձախողվում է:
Վերլուծական կենտրոնը ենթադրել է, որ Միացյալ Թագավորության ամենախոցելի խմբերն ավելի շատ օգնության կարիք ունեն սպառողական գների գնաճի պայմաններում, որը, ըստ նրա, այս տարի կաճի մինչեւ գրեթե 11 տոկոս: Ընդ որում, մանրածախ գների գնաճը՝ ավելի լայն ցուցիչ, 17.7 տոկոսի կհասնի, որը ամենաբարձր մակարդակն է 1980 թվականից ի վեր։
Ակնկալվում է, որ Անգլիայի բանկը հաջորդ տարի տոկոսադրույքները կբարձրացնի մինչեւ 3 տոկոս: Կանխատեսվում է, որ պահանջարկի նվազմանը զուգահեջ գործազրկությունը կգերազանցի 5 տոկոսը։



























