Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ Հայաստանում կազմում է 7 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը :

Նշենք, որ հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում էր 2.3 տոկոս, ուստի հուլիսը մեր տնտեսության համար կարելի է հաջողակ ամիս համարել:

Տնտեսական ակտիվության աճը հիմնականում տեղի է ունեցել գյուղատնտեսության հաշվին, որտեղ արձանագրվել է 32.4 տոկոս աճ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ եւ 66.2 տոկոս աճ նախորդ ամսվա համեմատ: Փոխարենը` շարունակվում է անկումը շինարարությունում` մոտ 32 տոկոսի չափով:

Տնտեսության մյուս ճյուղերը գրանցել են չափավոր աճի տեմպեր` արդյունաբերությունը` 10.2 տոկոս (ընդ որում` նախորդ ամսվա նկատմամբ կա 6.7 տոկոս անկում), առեւտուրը` 5.9 տոկոս (ՀԴՄ կտրոնները ներդնելուց հետո սա առեւտրի ոլորտում գրանցված աճի ամենաբարձր տեմպն է), ծառայությունների ոլորտում` 5.3 տոկոս: