Հայաստանում լիբերալիզմ հասկացությունը շատ հեռու է «իրական» լիբերալիզմից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց  Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` ավելացնելով, որ, այսպես կոչված «հայկական լիբերալիզմը» շատ քիչ ընդհանրություններ ունի «արեւմտյանի» հետ:

«Իրականում լիբերալ քաղաքականությունը որեւէ կերպով չի հակասում պետականության սկզբունքներին: Այստեղ, Հայաստանում են աղավաղված հասկանում դրա էությունը: Արեւմտյան շատ երկրների հաջողվում է գնալ լիբերալիզմի ճանապարհով ու միաժամանակ կառուցել ամուր պետություն: Պատճառն այն է, որ նրանք այդ երեւույթն ավելի խորն են տեսնում,  քան Հայաստանում», -նշեց Մինասյանը:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանում լիբերալ արժեքներով ազատ ժողովրդավարական հասարակություն ձեւավորելու համար  անհրաժեշտ է խելացի, կրթված, կյանք տեսած երիտասարդություն: «Այսօր այն հայերը, որոնք մեկնել են արտերկիր եւ այնտեղ կարողացել են ինչ-որ բանի հասնել,  հասկանում են, որ եթե մնային այստեղ, ոչինչ չէին կարող անել: Այդ ֆոնի վրա նրանք սկսում են ատել այս երկիրը»,-նշեց քաղաքագետը` հստակեցնելով. «Իհարկե, սփյուռքահայերի մեծամասնությունը սիրում է Հայաստանը: Սակայն նրանց համար դա պատին ամրացված լոգո է: Երբ նրանք գալիս են եւ իրենց աչքերով տեսնում ինչ եւ ինչպես է այստեղ,  հեռանում են` «սա ինչ երկիր է» խոսքերով»:

Փորձագետի կսրծիքով, Հայաստանում կեղծ են ինչպես լիբերալիզմի եւ ժողովրդավարության , այնպես էլ ամուր դիրքերի վրա գտնվող  նացիոնալիզմի մասին հասկացությունները: «Նացիոնալիզմը եւս գաղափարխոսություն է, որի հիման վրա կարելի է ամուր պետականություն ստեղծել, սակայն Հայաստանում այն եւս յուրտեսակ կեղծիքի է վերածվում: Հաջողության բանալին խորը ընկալումն է այն գաղափարախոսության, որի կուրսը վերցված է»,-եզրափակեց զրուցակիցը: