Կիեւի քաղաքային խորհուրդը հինգշաբթի օրը՝ օգոստոսի 25-ին, վերանվանել է 95 փողոց, ծառուղի ու հրապարակ, որոնց անվանումները կապված են Ռուսաստանի եւ խորհրդային անցյալի հետ։ Այս մասին Telegram-ում հայտնել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նրա խոսքով, նոր անվանումները, որոնք «առաջարկվել եւ աջակցվել են հանրության կողմից վարկանիշային քվեարկության ժամանակ, պետք է հավերժացնեն Ուկրաինայի ակնառու պատմական իրադարձությունների, ինչպես նաեւ հայտնի գործիչների եւ հերոսների հիշատակը, որոնք փառաբանել են Ուկրաինան եւ պայքարել մեր պետության անկախության համար, մասնավորապես, ժամանակակից ռուս-ուկրաինական պատերազմում»։
Նա հավելել է, որ մայրաքաղաքում անվանափոխության գործընթացը դեռ ավարտված չէ։ Արդեն հաջորդ լիագումար նիստում Կիեւի քաղաքային խորհուրդը կշարունակի աշխատել այս հարցի շուրջը, որպեսզի ավարտին հասցվի դեռուսիֆիկացիայի գործընթացը։
Կլիչկոն հայտնել է, որ, մասնավորապես, Մարշալ Մալինովսկու փողոցը վերանվանվել է «Ազով» գնդի հերոսների փողոց, գեներալ Ժմաչենկոյի փողոցը՝ Իշխան Ռոման Մստիսլավովիչի փողոց։ Կիեւի քաղաքային խորհրդի որոշմամբ՝ Տուլսկայա հրապարակն այսուհետ կկոչվի ՈՒՊԱ-ի հերոսների հրապարակ, իսկ Բուդարինի փողոցը՝ Ուկրաինական վերածննդի փողոց։ Ինչպես նաեւ՝ Կարլ Մարքսի փողոցը վերանվանվել է Գուցուլական փողոցի, Պիտերսկայա փողոցը՝ Լոնդոնյան փողոցի, Միչուրինի փողոցը (Սոլոմենսկի շրջանում)՝ Ծովային հետեւակների, իսկ Ռոստովսկայա փողոցը՝ Լուցկի փողոցի։




























