Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը իսկական արշավ է սկսել գյուղմթերք վերավաճառողների դեմ` նրանց մեղադրելով մրգերի ու բանջարեղենի գները անհիմն բարձրացնելու մեջ:
Այդ պատճառով Երեւանում կազմակերպվեց տոնավաճառ, որպեսզի գյուղացին հնարավորություն ստանա իր մթերքը քաղաքացուն առաջարկել առանց միջնորդական գնի: Բայց սպասումները չարդարացան` տոնավաճառի գները համարյա չէին զիջում վերավաճառողների գներին: Ու թեեւ գյուղնախարարը դրա համար էլի մեղադրեց վերավաճառողներին, բայց կարծում ենք` հարցին նման մոտեցումը այնքան էլ ճիշտ չէ:
Նախ, փորձը ցույց է տալիս, որ վերավաճառորդ օղակի բացակայությունը չի երաշխավորում գնի իջեցում: Դրանում կարելի է համոզվել` Երեւանի մերձակա ավտոմայրուղիների երկայնքով շարված կետերում միրգ գնելով: Թեեւ այդ կետերում վերավաճառողներ գրեթե չկան, առաջարկվող միրգն ու բանջարեղենը բնավ էլ էժան չեն, երբեմն նույնիսկ ավելի թանկ են:
Գյուղացին էժան է վաճառում մթերքը միայն այն դեպքում, երբ հանդես է գալիս որպես մեծածախ մատակարար, ազատվելով ժամեր շարունակ շուկաներում կանգնելու, սակարկելու եւ մանր հաշվելու գլխացավանքներից: Երբ նա հայտնվում է շուկայում ու կանգնում վաճառասեղանի ետեւում, ապա ոչնչով չի տարբերվում մյուս վերավաճառողներից: Դրանում համոզվելու համար կարելի է այցելել Երեւանի գյուղատնտեսական շուկաներ, որտեղ ցանկացած գյուղացի կարող է տեղ վերցնել ու առեւտուր անել: Շատերն ի դեպ այդպես էլ վարվում են:
Սակայն այս ամենը չի նշանակում, թե վերավաճառողներն ավելորդ օղակ են, ու նրանց դեմ պետք է պայքարել ինչ-որ թեւկապավոր ուսանողների միջոցով: Ընդհակառակը` վերավաճառողական խավը շատ ավելի է նպաստում գյուղատնտեսության զարգացմանը, քան գյուղատնտեսության ողջ նախարարությունը: Ի վերջո նրանց շնորհիվ է, որ գյուղացին ժամանակ չի վատնում շուկաներում կանգնելու համար, իրացնում է բերքի մեծ քանակություններ, ձերբազատվում է շուկայական ռիսկերից: Գյուղացիներն իրականում շահագրգռված են վերավաճառողների առկայությամբ:
Խնդիրներ իհարկե կան` այս ոլորտում ամեն ինչ չէ, որ հարթ է: Վերավաճառողի եկամուտը երբեմն ավելի մեծ է, քան գյուղացունն է, իրականում նրանք են գին թելադրողը, ոչ թե գյուղացին: Դա էլ թույլ է տալիս շահույթների մեծ մասը կենտրոնացնել վերավաճառող օղակում` ի վնաս գյուղացու:
Պատճառն այն է, որ մթերման մեծածախ բազաներ չկան, ինչպես եվրոպական կամ ամերիկյան խոշոր քաղաքներում, իսկ փոքր ծավալներով աշխատող երեւանյան վերավաճառները ձգտում են շահույթի ավելի մեծ մասնաբաժիններ սահմանել: Այս խնդիրը բանաձեւային լուծումներ չունի, ուղղակի անհրաժեշտ է ընդլայնել գյուղմթերք առաջարկող կետերի քանակը, իսկ մնացած հարցերը բնական ճանապարհով կլուծվեն մրցակցության միջոցով:
Սամվել Ավագյան



























