Հրանտ Դինքի սպանության հետ կապված Սամսունի ժանդարմերիայի նահանգային հրամանատարությունում ծառայող մի սպա սենսացիոն հայտարարություն է արել։

Firat գործակալության հետ զրույցում թուրք սպան, ով չի ցանկացել իր անունը նշել, շեշտել է, որ Հրանտ Դինքին սպանելուց հետո Օգյուն Սամասթը նստել է միջքաղաքային ավտոբուսը, որտեղ նրա առջեւի եւ հետեւի նստատեղերին նստած են եղել Ստամբուլի ոստիկանության վարչության քաղաքացիական հագուստով ոստիկանները եւ Սամասթին ուղեկցել մինչեւ Սամսուն։

«Սամսունի նոր ավտոկայանը գտնվում է քաղաքից դուրս, ուստի  այն գտնվում է Ժանդարմերիայի հսկողության տակ։ Երբ ավտոկայանում ավտոբուսի դռները բացվեցին, ժանդարմերիայի ծառայողները մտան ավտոբուս եւ միանգամից ձերբակալեցին Սամասթին։ Նրանք նախօրոք գիտեին, թե որտեղ էր նստած Սամասթը։ Ու չնայած, որ ավտոկայանը գտնվում էր Ժանդարմերիայի հսկողության տակ, Սամասթին տարան ոստիկանություն, որտեղ էլ ժանդարմերիայի սպաները Սամասթի հետ նկարվեցին։ Այդ սպաներին հեռացրեցին ոչ թե նկարվելու համար, այլ որ այդ նկարները հասել էին մամուլին»,-նշել է այդ ժամանակ Սամսունի ժանդարմերիայում ծառայող սպան՝ շեշտելով, որ Ստամբուլի ոստիկանության ոչ մի աշխատակից չի պատժվել Դինքի սպանության գործի հետ կապված։

Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը մեկնաբանելով հիշյալ տեղեկությունը, նշել է, որ իրենք նոր դատական հայց են ներկայացնեու՝ ընդծելով, որ Դինքի սպանության մեջ կասկածները դեպի Ստամբուլի ոստիկանություն են տանում։ «Այն վայրում, որտեղ սպանվել է Հրանտ Դինքը, եղել են տեսախցիկներ։ Եւ տարբեր հանգամանքներում ոստիկանությունում կորան այդ տեսագրությունները։ Իսկ այդ զինվորականին խորհորդ կտամ վկայություն տալ դատախազին, որպեսզի այն լուրջ ընդունվի»,-ասել է Ֆեթհիյե Չեթինը։

Նշենք, որ թուրքական  դատարանը Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժաչափը հասել է 22 տարի 10 ամսվա: