Մոսկվայում` Սեւերնոե Բուտովո շրջանում օգոստոսի 21-ի երեկոյան վիրավորված հայ եղբայրները Հայաստանի քաղաքացիներ են, սակայն նրանց անունները չեն հրապարակվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Էդուարդ Ջամբազյանը:
Ջամբազյանի խոսքով` կրտսեր եղբորը վիրահատել են եւ նա գտնվում է հիվանդանոցի ընդհանուր հիվանդասենյակում: Ավագ եղբոր վիճակը գնահատվում է բավարար, եւ նա դուրս է գրվել:
«Եղբայրները չեն հիշում, թե ով է դանակահարել իրենց, քանի որ նրանց վրա հարձակվել են թիկունքից, արդյունքում եղբայրներից մեկը կորցրել է գիտակցութունը, իսկ երկրորդն էլ միայն հիշում է, որ իրենց վրա հարձակվել են»,- նշեց Ջամբազյանը, հավելելով, որ եղբայրները Ռուսաստան են եկել գումար վաստակելու: ՆԳՆ-ի աշխատակիցները պարզում են միջադեպի հանգամանքները:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայի Սեւերնոյե Բուտովո շրջանում օգոստոսի 21-ի երեկոյան երկու հայաստանցիներ են վիրավորվել։ Եղբայրներին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց: 19:30-ին բուժհաստատությունից ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել, որ մետրոյի «Դմիտրի Դոնսկոյի ծառուղի» կայարանից իրենց մոտ է տեղափոխվել դանակի բազմաթիվ հարվածներ ստացած երկու տղամարդ։ Պարզվել է, որ տուժածները 1985 եւ 1992 թվականներին ծնված հարազատ եղբայրներ են:




























