Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին ընդունել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայապահպանման, մշակութային արժեքների հաշվառման եւ փաստագրման կարեւոր աշխատանքի հաջող ավարտի կապակցությամբ:

Անդրադառնալով նավարկության ընթացքում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ շփումներին՝ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Այս աշխարհաշուրջի ընթացքում բոլոր համայնքների ակտիվությունը, շփման ցանկությունը մեկ անգամ եւս փաստում են, որ այս աշխատանքը, իրոք, անհրաժեշտություն էր»:

Գիտարշավի ղեկավար Զորի Բալայանը նախագահ Սերժ Սարգսյանին պատմել է շուրջերկրյա նավարկության ընթացքում իրենց բաժին հասած դժվարությունների եւ փորձությունների, ինչպես նաեւ նվաճումների մասին:

Հանդիպման ավարտին գիտարշավի անդամները նախագահ Սերժ Սարգսյանին են հանձնել մեր պետության դրոշը, ինչպես նաեւ Արցախյան պատերազմում նահատակված անմահ հերոսների մասին գիրքը, որոնք նավարկության ողջ ընթացքում եղել են իրենց հետ: