Հայաստանում շաքարավազի գների աննախադեպ թանկացումը պայմանավորված է միջազգային գներով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում պատկանող ընկերությունները մենատեր են շաքարավազի ներմուծման ոլորտում:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, շաքարավազի գինը թանկացել է 20-ից 25 տոկոսով` 350 դրամից հասնելով 430-450 դրամի: Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» խանութների ցանցում շաքարավազի 1 կգ այսօր արժե 430 դրամ` նախկին 377 դրամի փոխարեն: Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ»  ընկերությունը շաքարավազի շուկայում ունի ամենամեծ մասնաբաժինը` 99,99 տոկոս:

«Ես ունեի հին, էժան պայմանագրեր, որոնք վերջացել են: Այս շաքարավազը եկել է նոր պայմանագրով, նոր գներով: Այ դա է պատճառը, որ թանկացել է»,- պարզաբանեց պատգամավորը:

Հարցին` հնարավոր է, որ առաջիկա օրերին շաքարավազի նոր թանկացումներ լինեն, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Առնվազն 3-4 ամիս այս գինը կպահպանվի, քանի որ 27 հազար տոննայանոց նավ է եկել, մեզ մոտ 4 ամիս դա բավարար է, բայց հայտնի չէ, թե ինչ գին կլինի 4 ամիս հետո: Միգուցե ավելի էժան լինի, միգուցե ավելի թանկ»: