Թե որքանով ճիշտ կլինի օգոստոսի 9-ին ոստիկանական բաժանմունք բերված ՀԱԿ ակտիվիստներին  քաղբանտարկյալ անվանել, դժվար է ասել։ Օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

«Քաղբանտարկյալ» եզրույթը Հայաստանում վերջերս շատ է չարաշահվում։ Դժվարանում եմ ասել՝ քաղբանտարկյա՞լ են արդյոք Հայ ազգային կոնգրեսի ձերբակալված ակտիվիստները։ Ամեն դեպքում, նման եզրահանգում անելու հնարավորություն չունեմ»,- ասաց  նա։

Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն իր հերթին համաձայնեց Սաֆարյանի հայտնած մտքի հետ՝ կրկնելով, որ «քաղբանտարկյալ» բառը վերջին ժամանակներս շատ է չարաշահվում։ «Հայաստանում«քաղբանտարկյալ» հասկացություն երբեք գոյություն չի ունեցել»,- շեշտեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 9-ին բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:

Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:

Նշենք, որ ներկայումս անազատության մեջ է միայն Տիգրան Առաքելյանը, ում Վերաքննիչ քրեական դատարանը հրաժարվել է ազատ արձակել, իսկ մյուս ակտիվիստներին ազատ են արձակել ստորագրությամբ: