Սեպտեմբերի 18-ին Ախթալայում կայանալիք Խորովածի երրորդ համահայկական փառատոնի ընթացքում խորովածը այցելուներին կվաճառվի սիմվոլիկ գներով: Այդ մասին այսօր` օգոստոսի 24-ին լրագրողներին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Ամենայն հավանականությամբ` խորովածի 1 չափաբաժինը կգնահատվի 500 դրամի սահմաններում` ինքնարժեքին մոտ:
Փառատոնի ընթացքում սպասվում է մոտ 5000 այցելու: Մոսկովյան մի քանի ռեստորաններ արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցելու փառատոնին: Շատ կլինեն այցելուներ նաեւ Վրաստանից, քանի որ փառատոնի անցկացման օրերը համընկնում են Ախթալայում գտնվող քաղկեդոնական եկեղեցու տոներից մեկի հետ:
Ըստ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի` պետական բյուջեից փառատոնի անցկացման նպատակով տրամադրվել է 3.2 մլն դրամ` զգալիորեն ավելի շատ, քան նախորդ տարիներին:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Ախթալայում Խորովածի համահայկական փառատոնը կանցկացվի «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրով:




























