Գերմանիայի երեք առաջատար տնտեսական ինստիտուտները նվազեցրել են հաջորդ տարի Եվրոպայի խոշորագույն տնտեսության իրենց կանխատեսումները՝ նշելով, որ ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած էներգակիրների բարձր գները իրենց հետքը կթողնեն:

Քիլում IfW ինստիտուտը եւ Հալեում IWH-ը կանխատեսել են, որ տնտեսությունը կկրճատվի 2023 թվականին: IfW-ն հայտարարել է, որ տնտեսությունը կկրճատվի 0,7 տոկոսով, մինչդեռ IWH-ն գրանցել է ավելի կտրուկ՝ 1,4 տոկոս անկում։ RWI ինստիտուտն իջեցրել է իր կանխատեսումը 2023 թվականի համար, բայց այնուամենայնիվ կանխատեսել է 0,8 տոկոս աճ։

Այս տարի IfW-ն, IWH-ը եւ RWI-ն առաջվա պես ակնկալում են, որ Գերմանիայի տնտեսությունը կաճի, բայց ոչ այնքան, որքան նախկինում ենթադրվում էր, կանխատեսումները տատանվում են 1,1 տոկոսից մինչեւ 1,4 տոկոս:

Կառավարության ամենավերջին կանխատեսումը ենթադրում է 2,2 տոկոս տնտեսական աճ՝ 2022 թվականին եւ 2,5 տոկոս՝ 2023 թվականին։

«Գերմանիայի տնտեսությունն անկումային պարույրով է շարժվում»,- ամփոփել են IfW-ի տնտեսագետներն իրենց կանխատեսումներում։

Քանի որ մասնավոր սպառումը կազմում է տնտեսական արտադրության մեծ մասը, գնողունակության ակնկալվող կորուստը բացասական հետեւանքներ կունենա տնտեսության վրա, ասում են ինստիտուտները:

Կառավարությանը խորհրդատվություն տրամադրող խմբի ինստիտուտներն այժմ կանխատեսում են, որ գնաճն այս տարի կկազմի մինչեւ 7 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է կառավարության կանխատեսումը միջինը 6,1 տոկոսի մասին:

Գերմանական կառավարությունը կիրակի օրը հրապարակել է 65 միլիարդ ծախսելու իր ծրագիրը՝ սպառողներին եւ ձեռնարկություններին մեծացող գնաճի հետեւանքներից պաշտպանելու համար: Վերջին փաթեթը կազմում է մինչեւ 95 միլիարդ եվրո, որը հատկացվել է ուկրաինական պատերազմի սկզբից գնաճի դեմ պայքարին: