Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն արգելել է ոստիկանության աշխատակիցներին` աշխատասենյակներում կախել ոստիկանապետի նկարը: Այդ մասին այսօր` օգոստոսի 25-ին լրագրողներին ասաց ինքը` ոստիկանապետ Ա. Սարգսյանը:
«Դե պարզ է` աշխատասենյակներում, ինձ մոտ նույնպես հանրապետության նախագահի նկարն է, եւ գտնում եմ, որ աշխատասենյակում մեկ նկար պետք է լինի` նախագահինը, որը նաեւ խորհրդանիշ է, դուք գիտեք: Իմ նկարներն էին հայտնվել, ինչու չէ` քաղաքացիական հագուստով, համազգեստով, մի տեղ` գեներալ-մայոր, մի տեղ` գեներալ լեյտենանտ: Ես դրա կարիքը ընդհանրապես չունեի, կոլեգիայի նիստում մի բան եմ հայտարարել` արգելում եմ որեւիցե մեկիդ իմ լուսանկարը սենյակներում ունենալ»,- ասաց Ա. Սարգսյանը:
Նրա խոսքով` որոշ լրատվամիջոցներ հետագայում շահարկել են այս թեման: «Նորմալ երկրներում ոստիկանապետին ընդհանրապես չեն ճանաչում»,- եզրափակեց Ա. Սարգսյանը:




























