Եղիսաբեթ 2-րդ թագուհու դագաղը Էդինբուրգի պատմական տաճարում 24-ժամ մնալուց հետո, որտեղ նրա որդին՝ Չարլզ Երրոդրը եւ նրա երեք եղբայրներն ու քույրերը լուռ արթնություն անցկացրեցին, երեքշաբթի կտեղափոխվի Լոնդոն, հայտնում է Reuters-ը։

Չարլզին միացել են նրա քույրը՝ Էննը եւ եղբայրները՝ Էնդրյուն եւ Էդվարդը, երկուշաբթի 10 րոպե տեւողությամբ արթնության համար Սուրբ Ջայլսի տաճարում, որտեղ նրանք գլուխները խոնարհած կանգնած էին դագաղի չորս կողմերում, մինչ մարդիկ անցնում էին դագաղի կողքով՝ հարգանքի տուրք մատուցելու համար։

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին Բալմորալում 96 տարեկանում։

73-ամյա Չարլզը, ով ավտոմատ կերպով Միացյալ Թագավորության եւ 14 այլ թագավորությունների, այդ թվում՝ Ավստրալիայի, Կանադայի, Ջամայկայի եւ Նոր Զելանդիայի թագավոր է դարձել, հուղարկավորությունից առաջ ճանապարհորդում է Միացյալ Թագավորության չորս մասերով եւ երեքշաբթի կայցելի Հյուսիսային Իռլանդիա:

Բելֆաստում նա կհանդիպի բարձրաստիճան քաղաքական գործիչների եւ կրոնական առաջնորդների հետ եւ կմասնակցի պատարագին քաղաքի Սուրբ Աննայի տաճարում՝ նախքան Լոնդոն վերադառնալը:

Թագուհու դագաղը նրա մահից հետո առաջին անգամ կլքի Շոտլանդիան. երեկոյան այն ինքնաթիռով կհասցվի Լոնդոն, ապա՝ Բուքինգհեմյան պալատ։

Չորեքշաբթի թագուհու դագաղը մեծ զինվորական երթով կտեղափոխեն Վեսթմինսթեր-հոլլ, որտեղ նա կմնա մինչեւ սեպտեմբերի 19-ը՝ հուղարկավորության օրը։