Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք՝ մասնակցելու Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների 7-րդ համագումարին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Պետական այցով Ղազախստան ժամանած Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի օդանավակայանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հարգելի հյուրին կդիմավորի պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը»,- նշել են մամուլի ծառայությունից։
Նախօրեին Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդին իր ուղեւորության ժամանակ ուղեկցելու են ԶԼՄ-ների ավելի քան 80 ներկայացուցիչներ:
Սպասվում է, որ բացի համագումարին մասնակցելուց, վեհափառը պատարագ կկատարի 3000 ուխտավորների համար, որոնք Ղազախստանի մայրաքաղաք են ժամանել Կենտրոնական Ասիայի երկրներից եւ հարեւան այլ պետություններից։
Կազմակերպիչները հայտնել են, որ համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համագումարին կմասնակցեն շուրջ 100 պատվիրակություններ՝ 50 երկրներից, այդ թվում՝ իսլամի, քրիստոնեության, հուդդայականության, սինտոիզմի, բուդդիզմի, զրադաշտականության, հինդուիզմի եւ այլ կրոնների ներկայացուցիչներ։
Մասնակիցների թվում են նաեւ Ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմեդ Մուհամմեդ Ահմեդ աթ-Թայեբը, Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ը, գլխավոր աշքենազի ռաբբի Դավիդ Լաուն, Իսրայելի գլխավոր սեֆարդական ռաբբի Յիցհակ Ջոզեֆը եւ այլ կրոնական առաջնորդներ, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ընթացիկ համագումարի թեման կոչվում է «Համաշխարհային եւ ավանդական դավանանքների առաջնորդների դերը մարդկության սոցիալ-հոգեւոր զարգացման գործում հետհամավարակային շրջանում»։





























