Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Չորս տարի առաջ՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո, այսպես կոչված ցուցարարները և քաղաքացիներ ներխուժեցին Էրեբունի պլազա՝ խափանելու Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որը նա պատրաստվում էր տալ առաջին կալանքից ազատ արձակվելուց հետո:

Այսօր՝ 4 տարի անց, էլի ցուցարարները հավաքվել են նույն Էրեբունի պլազայի մոտ՝ այս անգամ խնդրելու, որ Ռոբերտ Քոչարյանն առաջնորդի իրենց մեր կործանվող երկիրը փրկելու»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիների մի մասը սեպտեմբերի 15-ին Բաղրամյան պողոտայից գնացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, որտեղ նրանց հանդիպել է նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Քաղաքացիներն ասել են, որ իրավիճակը շատ օրհասական է, առաջնորդի հարց կա և իրենք ցանկանում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կոչով հանդես գա և մարդկանց հավաքի մի տեղ, որպեսզի հասկանան, թե ինչպես են լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները։

Լևոն Քոչարյանը քաղաքացիներին խոստացել է վաղը տեղեկացնել, թե երբ, որտեղ և ինչ ձևաչափ է լինելու Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ։