Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալությունը եւ այն հանգամանքը, որ մինչ այժմ նրա պատժաժամկետը չի կրճատվել վկայում է այն մասին, որ իշխանությունները փորձում են օգտագործել նրան որպես ճնշման եւ սակարկման միջոց: Այդ մասին օգոստոի 26-ի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ դրանով հաստատվում է այն փաստը, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է:
Զուրաբյանի խոսքով, դրա քողի ներքո ՀԱԿ-իշխանություն բանակցությունները վերածվում են քաղբանտարկյալների շուրջ առեւտրի. «Բանակցությունների 5-րդ փուլի ժամանակ իշխանությունները մեզ հավաստիացրել էին, որ ակտիվիստների դեմ պատժամիջոցները փոփոխվելու են, եւ իրավական համակարգը գործելու է առանց որեւէ խտրականության թե ակտիվիստների եւ թե ոստիկանների նկատմամբ:
«Մենք առաջարկել ենք իշխանություններին ազատել ՀԱԿ-ի ակտիվիստներին երաշխիքների փոխարեն, սակայն պայմանավորվածությունը չի պահվել: Ի՞նչ կարժենար այդ քայլը նրանց համար: Եւ ի՞նչ կփոխեր այդ քայլը: Քանի որ բանակցային գործընթացում կոալիցիայի պատվիրակությունը հայտնվել է վատ վիճակում, ապա դա նրանց միակ հնարավորությունն էր ձեռք բերելու ՀԱԿ-ի վրա ճնշում գործադրելու միջոց: Բնականաբար, մենք չենք ներգրավվի այդ գործընթացում»,- նշել է Զուրաբյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 9-ին բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:




























