Կազանի բնակիչ, 17-ամյա ուսանողուհի Դարյա Մաքսիմովայի սպանության գործով ձերբակալվածները հայեր չեն, այլ Սարատովի մարզի բնակիչ, ազգությամբ թաթար անձնավորություն, հայտնել է ՌԴ Թաթարստանի շրջանի քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Էդուարդ Աբդուլինը: Այդպիսով, նա ժխտել է շրջանառվող լուրերն այն մասին, որ հանցագործության հետ կապ ունի կովկասցիների խմբավորումը, նշում է «Ինտերֆաքսը»:
«Ձերբակալվածը 40 տարեկան է, նա ձեռնարկություններից մեկի աշխատակից է, Սարատովի մարզի բնակիչ: Առաջիկայում նրան կհարցաքննեն որպես կասկածյալ»,-հայտնել է Աբդուլինը: Նա ժխտել է նախկինում շրջանառվող լուրերն այն մասին, թե գործի առթիվ երկու հայ է ձերբակալվել: «Հետաքննությունը շարունակվում է, բայց հանցագործության ձեռագիրը ցույց է տալիս, որ մարդասպանը մեկն է»,- նշել է քննչական կոմիտեի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Կազանի ակադեմիայի ուսանողուհի Դարիա Մաքսիմովային ընկերները աղջկան մահացած են գտել ծովափին: Դարիա Մաքսիմովան մահվանից րոպեներ առաջ զանգել է ընկերոջը, որը Կազանում էր եւ ասել, որ մի քանի կովկասցիներ ոտնձգություներ են կատարում իր նկատմամբ եւ խնդրել է վերցնել իրեն կղզուց: Երիտասարդն ընկերների հետ ավտոմեքենա է նստել եւ քսան րոպե անց տեղում է եղել: Սակայն աղջկան չեն գտել, նրա բջջայինը անհասանելի է եղել: Երկար փնտրտուքներինց հետո նրանք թփերի մեջ հայտնաբերել են աղջկա դին:




























