Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբեր ամսվա ընթացքում կսպասի իշխանությունների պատասխանին` կապված երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի հետ: Այդ մասին օգոստոսի 26-ին կայացած ասուլիսում հայտնել է ՀԱԿ-ի գրասենյակի կոորդինատոր Լեւոն Զուրաբյանը: Հարցին պատասխանելիս նա մի քանի տող է մեջբերել ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգոստոսի 2-ի ելույթից.

«Եթե երկու-երեք ամսվա ընթացքում իշխանությունները որոշում չընդունեն արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ, ապա ՀԱԿ-ը կսպասի մինչեւ  սեպտեմբեր: Մեր օրակարգում մնում է մեկ հիմնական  պահանջ` Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի հրաժարականը: Սակայն մինչեւ սեպտեմբեր ժամանակ ունեն թե կոալիցիան եւ թե մենք»,- հայտնել է Զուրաբյանը:

Նշենք, որ այսօր պետք է կայանար Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության պատվիրակությունների բանակցությունների 7-րդ փուլը, սակայն առավոտյան կառավարությունների տուն է ժամանել միայն ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը եւ հայտնել, որ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում մասնակցել հանդիպմանը: