Հայաստանին պետք է ամրապնդել պետության սուբյեկտայնությունը, եւ դա պետք էր սկսել 2020 թվականի նոյեմբերի 10-ից, եթե ոչ 2016-ից կամ 1994-ից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով, Հայաստանն այժմ շատ թուլացած պետություն է, որը նույնիսկ տարածաշրջանային բանակցությունների սեղանի շուրջ իր ձեռքում որեւէ խաղաքարտ չունի։

«Սա նշանակում է, որ պետք է տարբեր ուղղություններով մեծացնել սուբյեկտայնությունը, սարքավորել սահմանը, օպերատիվ կերպով բարեփոխումներ իրականացնել բանակում, լուծել սպառազինության խնդիրները։ Կարեւոր է նաեւ դիվանագիտությունը եւ տնտեսության զարգացումը։

Լավ կլիներ, որ պետական ապարատը նպատակադրում ունենար այն ըմբռնման համար, թե որտեղ ենք մենք գտնվում եւ ինչ ենք փորձում անել, այլ ոչ թե արձագանքեր իրադարձություններին, երբ հաջորդ անգամ Ադրբեջանը կրկին հարձակվեր։ Այս ամենը պահանջում է պետական վերնախավի համապատասխան որակ, փորձագիտական բազայի համապատասխան որակ եւ ներքին քաղաքականության համապատասխան որակ։

Պետք է կառուցել մի պետություն, որը հնարավորություն կունենա արձագանքել այս մարտահրավերներին։ Սա երկար, ծանր, համառ աշխատանք է»,- հավելեց փորձագետը: