Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքների իրականացմանը նվիրված «Հիշատակի հերթափոխ 2011» համառուսաստանյան միջոցառումներից Հայաստանի ԴԱՀԿ աշխատակիցները վերադարձել են մեդալներով եւ պատվոգրերով: NEWS.am-ին այս մասին հայտնում են ԴԱՀԿ լրատվական ծառայությունից:
Նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել ծրագրի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառումներին:
Երկու երկրների դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունները տասը օրերի ընթացքում որոնողական աշխատանքներ են կատարել, գտել մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ անհետ կորած զինվորների մասունքներն ու դրանք զինվորական պատվով հողին հանձնել:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հանձնարարականով արդեն իսկ ուսումնասիրվել են Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի արխիվը, Հայրենական Մեծ պատերազմի ու Պատմության թանգարանում եղած փաստաթղթերը, ըստ որի էլ ավելի հստակեցվել են հայկական զորամիավորումների մարտավայրերը։ Գտնված մասունքները բերվել են Հայաստան, դրանք իրենց տեղը կգտնեն համապատասխան թանգարաններում:




























