Գյումրիի որոշ բուհեր մասնագետների կրճատման խնդրի առաջ են հայտնվել: Մանկավարժական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը աշխատանքային պայմանագիր չի կնքի շուրջ 20 աշխատակիցների հետ: «Նրանք մեծ մասամբ կենսաթոշակային տարիքի են՝ դասախոսներ ու տեխնիկական բաժնի աշխատողներ: Շատ կուզենայինք պահել բոլորին, բայց հնարավոր չէ, ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը:
Նրա խոսքով պետական մանկավարժական ինստիտուտն իր պատմության մեջ այսչափ փոքրաթիվ դիմորդ դեռ չի ունեցել: «Հազիվ 10 տոկոսի չափով ընդունելություն ենք կազմակերպել, ուսանող չունի այսօր բուհը: Նոր կրճատումների չգնալու համար բուհում իրականացվելու է նաեւ դրույքաչափերի կրճատում»,- նշել է նա: Այն դասախոսները, ովքեր աշխատում են Մանկավարժականում ու համատեղության կարգով նաեւ այլ բուհերում, բուհի ղեկավարության որոշմամբ, նրանց դրույքաչափերը կկրճատվի: Կրճատվեն նաեւ հենց ռեկտորի, դեկաննեերի ու ամբիոնների վարիչների զբաղվածությունները:
Պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը դեռեւս անցած տարի դիմորդների խիստ պակաս ուներ, այս տարի բուհն ընդհամենը 2 ընդունվող ուսանող ունի: «9 դիմորդ ենք ունեցել, 7-ը կտրվել են, 2-ն ընդունվել, այդ երկուսի համար հոսք ենք բացելու ու անհատական պարապելու ենք»,- հավաստել է բուհի ռեկտոր Վահան Շահբազյանը:
Անցած տարի ճարտարագիտական համալսարանից շուրջ 10 աշխատակից կրճատվել է, սակայն այս տարի բուհի տնօրինությունը ճգնաժամը շրջանցելու նոր տարբերակ է մշակել: Բուհին կից բացվել են քոլեջներ՝ 9-րդ եւ 10-րդ դասարանների բազայի վրա: Դասախոսների զբաղվածությունն այս տարի կապահովի քոլեջը: «Հետո այդ ուսանողներն առանց քննության կընդունվեն ինստիտուտ, միանգամից երկրորդ կուրս»,- ասել է Վահան Շահբազյանը:
Իսկ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում ճգնաժամից խուսափելու համար բացվել են հեռակա բաժիններ: Ինստիտուտում հույս ունեն, որ հեռակա ընդունելությունը աշխատատեղեր ու զբաղվածություն կապահովի բուհի ներսում:




























