Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարային F-16 կործանիչներ վաճառելու հնարավոր աջակցության վերաբերյալ «դրական» արձագանք է ստացել երկու ամերիկացի սենատորներից, որոնց հանդիպել է Նյու Յորքում:
Հոկտեմբերին Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով գնել 40 F-16 կործանիչ եւ մոտ 80 արդիականացման կոմպլեկտ՝ գործող մարտական ինքնաթիռների համար։ ԱՄՆ Կոնգրեսում տրամադրությունները Թուրքիայի նկատմամբ վատթարացել են վերջին մի քանի տարիների ընթացքում այն բանից հետո, երբ Անկարան ձեռք է բերել ռուսական արտադրության հակահրթիռային համակարգեր, ինչը հրահրել է ԱՄՆ պատժամիջոցներ եւ Թուրքիային դուրս մղել F-35 կործանիչների ծրագրից:
«Նրանք դրական են տրամադրված»,- Reuters-ին ասել է Էրդողանը:
Օրերս Նյու Յորքում Էրդողանը հանդիպել է սենատորներ Լինդսի Գրեմի եւ Քրիս Կունսի հետ։
Հարցին, թե արդյոք կհանդիպի ինքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Թուրքիայի ղեկավարն ասել է, որ կմասնակցի Բայդենի կողմից կազմակերպված ընդունելությանը։
Երկու նախագահների պաշտոնական ժամանակացույցի համաձայն՝ պաշտոնական հանդիպում դեռ նախատեսված չէ։





























