Այսօր՝ առավոտյան, Եռաբլուր պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում, կապ է հաստատվել Ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։

Տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն, և դրա շրջանակում Պաշտպանը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:  Կարմիր ու սեւբերետավորները շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Ոստիկանները խոչընդոտեցին նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:

Ոստիկանությունից փոխանցում են, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման է ենթարկվել 37 քաղաքացի։