Իսպանիայի կառավարությունը ցանկանում է երկու տարով հարկ սահմանել ամենահարուստ իսպանացիների համար՝ ի լրումն սրընթաց աճող ինֆլյացիայի պայմաններում էներգետիկ ընկերությունների եւ բանկերի համար նախատեսված հարկերի։ Այս մասին հայտարարել է բյուջեի նախարար Մարիա Խեսուս Մոնտերոն, փոխանցում է Reuters-ը։
Նա հայտնել է, որ բանակցություններ է վարում կոալիցիոն կրտսեր գործընկերոջ՝ ձախակողմյան Unidas Podemos կուսակցության հետ, որի նախընտրական օրակարգում այդ նախաձեռնությունը կա:
Նա մանրամասներ չի ներկայացրել, թե որքան է լինելու հարկային դրույքաչափը կամ որքանով հույս ունի այն բարձրացնել, միայն laSexta հեռուստաալիքին հայտնել է, որ «խոսքը միլիոնատերերի մասին է»։
Հարկը պետք է ուժի մեջ մտնի հաջորդ տարի, ասել է Մոնտերոն, բայց խոստովանել է, որ խորհրդարանի հաստատման ընթացակարգերը նշանակում են, որ այն մինչեւ 2023 թվականի սկիզբը կարող է պատրաստ չլինել:
«Մենք պատրաստվում ենք օգտագործել նույն սխեման, ինչ էներգետիկ ընկերությունների եւ բանկերի համար։ Առաջիկա երկու տարիների ընթացքում»,- ասել է նա:




























