Տարբեր ոլորտներում բացթողումներն ու ձախողումները հանգեցրել են Հայաստանի թուլացմանը, իսկ ներկա պայմաններում առաջին հերթին պետք է ունենալ հզոր բանակ։ Պրոֆեսիոնալ բանակը մեր պայմաններում ծիծաղելի է հնչում, քանի որ այն ենթադրում է փոքրաթիվ բանակ։ Նման մոդել ընտրում են այն երկրները, որոնք չունեն էկզիստենցիալ վտանգ, կամ ունեն լուրջ ռեսուրսներ, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Այվազյանը։

«Նույնիսկ 100 000-անոց բանակը բավարար չէ մեր անվտանգությունն ապահովելու համար։ Իսրայելի կամ Շվեյցարիայի օրինակով պետք է աջակցություն լինի ողջ ժողովրդի կողմից։ Սա կարելի է կազմակերպել կարճ ժամանակում՝ ընդամենը 10 օրում։ Մենք պետք է գործի անցնենք արտակարգ ռեժիմով։ Պետությունը պետք է աշխատի 24 ժամ»,- ընդգծեց Այվազյանը։

Ալիեւը երեկ ասել է, որ Հայաստանը չի կարող որեւէ պահանջ ներկայացնել՝ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանը խախտել է սահմանները, իսկ Հայաստանի մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքը նա անվանել է ադրբեջանական։

«Այս ամենը սպասելի է։ Եթե 1994-ին չկարողանայինք Արցախը պահել, կկրկնվեր նույնը, ինչ հիմա է կատարվում։ Եթե 5 կամ 7 շրջան հանձնեինք, նույնը կլիներ՝ Ադրբեջանն անցել է ագրեսիվ գործողությունների։

Ես ասում էի, որ երբ Ռուսաստանում իրավիճակն անկայուն լինի, Ադրբեջանն ու նրա հետեւում կանգնած Թուրքիան կփորձեն օգտվել եւ կհարձակվեն մեզ վրա։ Կանխատեսվում էր նաեւ այն, որ Ռուսաստանում իրավիճակն անկայուն է լինելու։ Հայաստանը գործնականում սրա վրա ուշադրություն չդարձրեց եւ գնաց դատարկ բանակցությունների ճանապարհով՝ ինքնապաշտպանական կարողությունների ամրապնդման վրա կենտրոնանալու փոխարեն»,- նշեց փորձագետը։

Նա վստահ է, որ եթե նույնիսկ վաղը որոշակի սահման ֆիքսվի, ապա որոշ ժամանակ անց Ադրբեջանը կրկին կխախտի այդ սահմանները՝ նախապես հայկական կողմին մեղադրելով սադրանքների մեջ, եւ ավելի կխորանա։

Քաղաքագետը կոչ արեց չվստահել միջազգային հայտարարություններին ու բանաձեւերին, քանի որ դրանք չեն ստիպի Ադրբեջանին դուրս բերել զորքերը մեր տարածքներից։

«Խաղաղության բանակցությունները ոչինչ չեն տալիս, կարող են միայն ժամանակ տալ, որը մենք սխալ ենք օգտագործել»,- ասաց Այվազյանը։