Տեսագրությունը, որում Տիգրան Առաքելյանն է, Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի վրա այնպիսի տպավորություն է թողել, որ նա կարծես հոգեպես անհավասարակշիռ վիճակում լինի։ Օգոստոսի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ Ռաֆիկ Պետրոսյանը։

Պատգամավորը նաեւ չբացառեց, որ կարող է փորձաքննություն նշանակվել, որը կհաստատի Առաքելյանի սահմանափակ մեղսունակությունը եւ այդ ժամանակ բուժում կնշանակվի։ «Պահանջելով ազատ արձակել նրան՝ մենք վտանգի ենք ենթարկում մեր հասարակությանը»,-ասել է նա:

Ասուլիսին ներկա Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն իր հերթին հայտարարեց, որ Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցը քաղաքական է, որը կարող է լուծվել նույնիսկ Ռաֆիկ Պետրոսյանի մեկ զանգով։

Իգիթյանի խոսքով, Առաքելյանի գործում շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ նա հայհոյել է ոստիկանության աշխատակցին։ «Ուզում եմ հիշեցնել, որ լրագրողի օրինական խնդրանքին՝ տեղեկատվություն տրամադրել, չինովնիկն ի պատասխան հայհոյել էր։ Նրա նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջո՞ց է կիրառվել»։

«Հեռախոսով հայհոյելն այլ բան է։ Հեռախոսով կարելի է հայհոյել, իսկ հասարակական վայրում ոստիկանին վիրավորելը՝ այլ բան է»,- ասաց Պետրոսյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 9-ին բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:

Նշենք, որ ներկայումս անազատության մեջ է միայն Տիգրան Առաքելյանը, ում Վերաքննիչ քրեական դատարանը հրաժարվել է ազատ արձակել, իսկ մյուս ակտիվիստներին ազատ են արձակել ստորագրությամբ: