ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորեղբայրը ձերբակալվել է Մասաչուսեթս նահանգում` ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, երբ ոստիկանները Օնյագո Օբամային հարցրել են, թե ցանկանո՞ւմ է որեւէ տեղ զանգահարել, նա պատասխանել է. «Ես կարծում եմ, որ կզանգահարեմ Սպիտակ Տուն»:
67-ամյա Օնյագո Օբաման ԱՄՆ գործող նախագահի հորեղբայրն է: Նա ձերբակալվել է Բոստոնի Ֆրեյմինգհեմ արվարձանում, երբ նրա մեքենան համարյա բախվել է ոստիկանական պարեկային ավտոմեքենային:
Սպիտակ Տանը հաստատել են Բարաք Օբամայի ընտանիքի անդամին ձերբակալելու փաստը: Դատարանի նախնական նիստում նախագահի հորեղբորը մերժել են գրավի դիմաց ազատ արձակել: Դատարանը որոշել է Օնյագո Օբամային անազատության մեջ պահել, քանի որ ԱՄՆ միգրացիոն իշխանություններն արդեն նրա կալանավորման օրդեր են տվել: Նրանց կարծիքով, նախագահի հորեղբայրը անօրինականորեն է գտնվում ԱՄՆ-ում եւ պետք է արտաքսվի Քենիա:



























