«Ժամանակ» թերթը գրում է, որ հայկական ավանդական հարսանիքները վերջին շրջանում սցենարային նոր որակներ են ստանում: Օրինակ` վերջերս Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը ծեծի ենթարկեց եւ հրազենային վնասվածք պատճառեց խնամիներին, շաբաթ օրն էլ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Պուրտոյանին պատկանող «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում հարսանեկան արարողության ժամանակ մատուցված ուտեստից թունավորվեցին տասնյակ հրավիրյալներ եւ տեղափոխվեցին հիվանդանոց:
«Բայց եթե Ռուբեն Հայրապետյանի թիկնապահի դեմ քրեական գործ հարուցվեց, ապա ինչպես երեկ մեր հետաքննությունը պարզեց, Արմեն Պուրտոյանին հաջողվել է փակել հարսանիքի մասնակիցների բերանը` փեսայի գլխավորությամբ: Ավելին` բոլոր հրավիրյալներին փեսայի կողմից հրամայված է ավել-պակաս չխոսել, հակառակ դեպքում կնեղանա իրենցից»,- գրել է «Ժամանակը»:
Ի դեպ, թերթը նաեւ նշում է, որ հարսանիքից հետո հարսն ու փեսան մեկնել են Դիլիջան` հանգստանալու եւ նրանց աղբյուրների փոխանցմամբ` հենց Արմեն Պուրտոյանի հովանավորությամբ: «Ժամանակի» հարցին, թե ինչ փոխհատուցում է տրվել վնասի դիմաց, փեսան` Արմենը, խնդրեց իրեն հանգիստ թողնել` շեշտելով, թե ինչու պետք է ասի` իրեն ինչքան փոխհատուցում է տրվել կամ տրվել է, թե ոչ, քանի որ դա իր անձնական գործն է:



























