Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի միջեւ իսկապես սեւ կատու է անցել:

Ասում են, թե վերջերս ոստիկանությունում մի ինչ-որ նիստի ժամանակ, երբ Սարգսյանը քաղաքից բացակայում էր, Օհանյանը ելույթ է ունեցել եւ Քանաքեռ-Զեյթուն ՄՌՈ-ին (ՃՈ թիվ 1 հաշվառման քննական բաժին) եւ նրա պետ Արթուր Մարգարյանին քննադատել կոռուպցիայի եւ կաշառակերության համար:

Բոլորը զարմացել են, քանի որ Արթուր Մարգարյանը քավոր-սանիկական մտերիմ կապերի մեջ է շեֆի` Ալիկ Սարգսյանի հետ, եւ ոչ ոք նրան չի ասում, թե աչքի վերեւը հոնք կա: Այս մասին զեկուցում են ոստիկանապետին... եւ սկսվում է «սանիկաորսը»:

Պարզվում է, որ Մարգար Օհանյանի մտերիմն ու սանիկն էլ թիվ 3 ՄՌՈ-ի (հաշվառման քննական բաժնի) պետ Մհեր Հովհաննիսյանն է:

Այստեղ ստուգումներ են կատարվում, եւ ձերբակալվում է աշխատակից Ասյա Ավագյանը` «պրավա» վաճառելու մեղադրանքով: Բայց պատմությունը սրանով չի վերջանում:

Ձերբակալվում է նաեւ Մարգար Օհանյանի մյուս մտերիմը` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանը` 156000 լիտր վառելիք «խմելու» համար:Միով բանիվ` ձեռք մի տվեք շեֆերի մտերիմներին, թե չէ ձեր պատճառով ձեր մտերիմները կտուժեն: