Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին քաղաքական սպանություն էր պլանավորել։ Այս մասին, ինչպես հայտնում է РБК-ն, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Վրաստանի սահմանային ոստիկանության նախկին ղեկավար, վրացական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Նինո Բուրջանաձեի ամուսինը՝ Բադրի Բիցաձեն։

Նրա խոսքով, Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում մայիսի 26-ի բողոքի ակցիան ցրելու ժամանակ Սահակաշվիլին պլանավորել է սպանել իրեն, ինչպես նաեւ խեղանդամ դարձնել Նինո Բուրջանաձեին։ Բիցաձեն նշել է, որ նրան պետք է հաշմանդամ դարձնեին։

Բիցաձեն պատմել է, որ ամեն բան որոշում է նախագահը, իսկ մնացածները կատարում են այդ որոշումները։ «Երբ նախագահին ասել են, որ Բիցաձեի դեմ ոչինչ չկա, նա հազիվ է զսպել զարմանքը»,- ասել է պարբերականների զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի դատարանն օգոստոսի 19-ին հեռակա կարգով Բադրի Բիցաձեին դատապարտել էր 5,5 տարվա ազատազրկման։ Օգոստոսի 27-ին Բուրջանաձեն հայտարարել էր, որ ամուսինը Վրաստանի սահմաններից դուրս է եւ մտադիր է եվրոպական երկրներից մեկում քաղաքական ապաստան խնդրել։