Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները համապատասխանեցնում են դիրքորոշումները Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի (ՕՀԿՈՒ) կիրառմամբ պետական հեղաշրջումների կանխման ուղղությամբ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ օգոստոսի 30-ին Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:
«Խոսքը գնում է ոչ միայն դրսից այլ պետությունների միջամտության դեպքում ՕՀԿՈՒ-ի կիրառման մասին: Ոչ ոք մեր դեմ պատերազմ չի սկսի, իսկ այ շատերի «ձեռքերը քոր են գալիս» սահմանադրական հեղաշրջում կատարելու հարցում»,-ասել է Լուկաշենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք պետք է պաշտպանենք ՀԱՊԿ-ի ամբողջականությունը եւ անկախությունը»,-հավելել է նա:
Բացի այդ, Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ երկրների տարածքում օտարերկրյա ռազմական բազաների տեղակայման հարցը:
Իր հերթին, Բորդյուժան Լուկաշենկոյին հայտնել է, որ ՀԱՊԿ դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ կներկայացվեն որոշման ստույգ ծրագրեր: Մասնավորապես, խոսքը գնում է կազմակերպության կանոնադրության փոփոխման մասին:


























