Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ մտադիր չէ բանակցություններ վարել ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության հետ, որոնց անվանել է թշնամիներ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Ժողովրդական հանրապետության ղեկավարը նշել է, որ «լարվածության թեժացման մշտական, միտումնավոր եւ անպատասխանատու քայլերը» ԱՄՆ-ի եւ «հարավկորեական վարչակարգի» կողմից ստիպում են, որ Փհենյանն ավելի ուժգին արձագանքի դրանց։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի իշխանություններն ուշադիր հետեւում են իրավիճակին։
«Հարգելի ընկեր Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ թշնամիները մինչեւ հիմա խոսում են երկխոսության եւ բանակցությունների մասին՝ սպառնալով մեզ ռազմական առումով։ Նա ասել է, որ մենք խոսելու բան չունենք թշնամիների հետ եւ որ մենք դրանց կարիքը չունենք»,- տեղեկացրել է գործակալությունը։ Կիմ Չեն Ընը նշել է, որ Հյուսիսային Կորեան ամենից առաջ պետք է հստակ ազդանշան ուղարկի ընդդիմախոսներին՝ ի պատասխան տարածաշրջանային իրավիճակի սրման։
«Հարգելի Կիմ Չեն Ընն ավելացրել է, որ մենք ուշադիր հետեւելու ենք իրավիճակին Կորեական թերակղզու անվտանգության եւ թշնամիների բոլոր գործողություններին՝ ռազմական ոլորտներում, որոնք չի կարելի անտեսել, եւ որ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն բոլոր պահանջվող հակամիջոցները»,- գրել է ԿԿՀԳ-ն։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վստահություն է հայտնել, որ երկրի միջուկային ուժերը լիովին պատրաստ են պատասխան գործողություններին եւ հասկանում են, որ դրանց առաքելությունը «Հյուսիսային Կորեայի արժանապատվության, ինքնիշխանության եւ գոյության նրա իրավունքի պաշտպանությունն է»։
ԿԿՀԳ-ն հոկտեմբերի 10-ին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը տեղի է ունեցել տակտիկական միջուկային ուժերի զորավարժությունների յոթ փուլ։ Կիմ Չեն Ընն անձամբ ներկա է եղել դրանց եւ ցուցումներ է տվել։





























