Հայ-թուրքական գործընթաց սկսելու Հայաստանի նախաձեռնությունը բարձրացրեց Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ ցրեց նոր ու ժամանակակից Թուրքիայի մասին մեր գործընկերների պատրանքները: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին հայտարարել է Սերժ Սարգսյանը` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ:
«Շատերին կարող է թվալ, թե մենք պետք է ափսոսանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու նախաձեռնություն դրսեւորելու համար, քանի որ Թուրքիան հրաժարվեց իր պարտավորություններից, իսկ մենք հսկայական քաղաքական կապիտալ ծախսեցինք: Կարծում եմ` այս լսարանում ներկաները հասկանում են, որ այդ նախաձեռնությունը բարձրացրեց Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ ցրեց նոր ու ժամանակակից Թուրքիայի մասին մեր գործընկերների պատրանքները` բացահայտելով հայերիս համար պատմական փորձով ճանաչելի քաղաքականության արդի դրսեւորումները:
Այդուհանդերձ, մենք հավատարիմ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր ուղուն եւ դիրքորոշմանը: Թուրքիան պետք է իր մեջ ուժ գտնի հարգելու իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները` տուրք չտալով իրեն ժամանակակից տարածաշրջանային պետություն համարողին պատիվ չբերող պահանջներին»,- նշել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով, թուրքական կողմը պետք է հասկանա նաեւ, որ այս արձանագրությունները բաց, անժամկետ հնարավորություն չեն: «Մեր բարեկամներից շատերը մեզ խորհուրդ էին տալիս սպասել մինչեւ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները: Այնպես որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կտեսնենք` արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում առկա է մոտեցումների փոփոխություն, թեեւ անկեղծորեն ասած` անցած երկու ամիսները լավատեսության հիմքեր չեն տվել: Ըստ այդ դիտարկումների` մենք կորոշենք նաեւ արձանագրությունների ուղղությամբ մեր հետագա քայլերը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն¬ներին, տարբեր երկրների եւ կազմակերպություն¬ների հետ մեր երկրի համագործակցության ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին, մի շարք ոլորտներում ՀՀ դիվանագիտական ներկայա¬ցուց¬չություններից ակտիվ, նպատակասլաց ու նախաձեռնողական աշխատանքի ակնկալիքներին, առկա մարտահրավերներին, նաեւ` սփյուռքի հետ աշխատանքին»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:



























