Ղրղըզստանի փոխվարչապետ Էդիլ Բայսալովը բացատրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն – 2022» զորավարժությունների չեղարկումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ հանրապետության հանրային կարծիքը չէր ողջունի բանակի մասնակցությունը ՀԱՊԿ առաջիկա զորավարժություններին՝ Տաջիկստանի հետ վերջին հակամարտության հետ կապված։ «Մենք անխախտ անդամակցում ենք ՀԱՊԿ-ին, մենք ոչ մի խնդիր չունենք այդ կազմակերպության հետ, մանդատի, առաքելության, կանոնադրության հետ՝ ոչ մի խնդիր։ Բայց, իհարկե, վերջին իրադարձությունների համատեքստում «արյունը չի սառել»,- ասել է նա։
Բայսալովի խոսքով՝ Ղրղըզստանն անհանգստացած է այն բանով, որ երկրի որոշումը ճիշտ չի մեկնաբանվում։ Նա նշել է, որ շահարկումներն այս առիթով «անպատասխանատու են»։
Քաղաքական գործիչը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի դերը Կենտրոնական Ասիայում, ղրղըզա-տաջիկական հարաբերություններում՝ որպես երկու պետությունների ռազմավարական գործընկերոջ, շատ կարեւոր է։
Ավելի վաղ ՀԱՊԿ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ղրղըզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն - 2022» զորավարժությունները։ Գերատեսչությունը չեղարկելու պատճառների մասին չի հայտնել։ Զորավարժությունները հոկտեմբերին պետք է անցկացվեին Ղրղըզստանում՝ «Էդելվեյս» զորադաշտում։





























