Մարդը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի պատերազմին, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Ելույթ ունենալով Բեռլինում կայացած պանելային միջոցառման ժամանակ՝ Օրբանն ասել է, որ խաղաղության բանակցությունները պետք է ընթանան ոչ թե Ուկրաինայի եւ Ռուսաստանի, այլ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, ընդ որում՝ բանակցություններն ամերիկյան կողմից Թրամփը պետք է վարի:

Օրբանն ասել է, որ «ուկրաինացիներն անսահման ռեսուրսներ ունեն, քանի որ նրանք այդ ամենը ստանում են ամերիկացիներից»՝ նշելով, որ միայն ԱՄՆ ռազմական աջակցությունը թույլ կտա Ուկրաինային շարունակել պայքարը: Պատերազմի էությունը ռեսուրսներն են, ասել է Օրբանը։ Մինչ Ռուսաստանն ունի էներգիայի, զորքերի եւ մարդկային ռեսուրսների գրեթե անսահմանափակ պահուստ, Ուկրաինան ունի բավարար ռեսուրսներ միայն այն պատճառով, որ օգնություն է ստանում Արեւմուտքից եւ Միացյալ Նահանգներից, հավելել է նա։

«Ուստի ամերիկացիները ստիպված կլինեն պայմանավորվել ռուսների հետ։ Եվ այդ ժամանակ պատերազմը կավարտվի»,- ասել է Հունգարիայի վարչապետը՝ հավելելով, թե «ով կարծում է, որ այս պատերազմը կավարտվի ռուս-ուկրաինական բանակցությունների միջոցով, նա այս աշխարհում չի ապրում»։

Նա նշել է, որ Ջո Բայդենը «չափն անցել է» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին իր մեղադրանքներով՝ նրան անվանելով «ռազմական հանցագործ»։ «Դրա պատճառով [Բայդենի համար] դժվար կլինի խաղաղություն հաստատել»,- ասել է Օրբանը: «Դա դաժան կհնչի, բայց խաղաղության հույսը Դոնալդ Թրամփն է»։

Նա քննադատել է Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցները՝ դրանք անվանելով պարզունակ եւ աղետալի։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները պետք է մտցվեն «ողջամտորեն»։ ԵՄ-ի դեպքում «գաճաճը պատժամիջոցներ է կիրառում հսկայի նկատմամբ... ընդ որում՝ գաճաճը կմահանա»: Օրբանը ԵՄ պատժամիջոցները վերանայելու եւ էներգամատակարարումը բարեփոխելու կոչ է արել, որպեսզի ԵՄ-ն հասնի անկախության, այլ ոչ թե «ուղղակի տերերին փոխի»՝ Ռուսաստանից կախվածությունից անցնելով ԱՄՆ-ից կախվածության»:

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է կարողանա «էներգիա գնել, օրինակ՝ Ամերիկայում, Ալժիրում, Կատարում կամ նույնիսկ Ռուսաստանում»։ «Եթե մենք ճիշտ սահմանեինք պատժամիջոցները, էներգակիրների գները չէին բարձրանա»,- ասել է նա՝ հավելելով, որ Եվրահանձնաժողովը դա չի կարողացել անել։

«Ուստի, երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, ես պետք է ասեմ, որ խնդիր ունեմ եւ… ես կօգտվեմ իմ վետոյից… դուք չեք կարող հունգարացիներին մի կողմ հրել եւ նրանց անկյուն քշել»,- ասել է Օրբանը: