Արեւմուտքը դիտարկում է մարտավարական միջուկային զենք կիրառելու տարբերակը, դրա համար հարեւան երկրների տարածքում որոշակի ռազմական ենթակառուցվածքներ են պատրաստվում՝ երկարաժամկետ ծրագրերի հաշվարկով։ Այս մասին «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավար Իվան Տերտելը։

«Միեւնույն ժամանակ, այստեղ խաղադրույքները բարձրանում են, քանի որ Արեւմուտքը, մեր տվյալներով, որոնք ստանում ենք արեւմտյան ռազմաքաղաքական շրջանակներից, կարծում է, որ ոչ մի դեպքում չպետք է պարտվի։ Ուստի քննարկվում է մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը կամ այն խմբավորումների կիրառումը, որոնք ստեղծված են մեր երկրի եւ մեր դաշնակիցների դեմ ուղղակի ագրեսիայի համար»,- ասել է Տերտելը։

«Այլ սցենարներ եւս կան։ Դրանք նախատեսում են, ի թիվս այլ բաների, մեր տարածքում մի շարք ահաբեկչական հարձակումների նախապատրաստում՝ հաշվի առնելով այն փաստը, որ մենք ստեղծում ենք զորքերի համատեղ խմբավորում Ռուսաստանի Դաշնության հետ։ Երկաթուղու վրա ահաբեկչական գործողություններ կատարելը, մեր եւ մեր դաշնակիցների ռազմական կազմավորումների շարժման ճանապարհին ահաբեկչական գործողություններ կատարելը։ Որոշ սոցիալական ցանցերում արդեն կոչեր կան։ Մենք գիտենք, թե ով է կանգնած սրա հետեւում։ Մենք գիտենք, որ օտարերկրյա հետախուզական ծառայությունները փորձում են հեռու մնալ դրանից՝ իրականում օգնելով կազմակերպիչներին Լեհաստանի, Լիտվայի եւ Ուկրաինայի տարածքում։ Մենք առայժմ այնտեղ Լատվիային չենք տեսնում։ Ստեղծվում են ահաբեկչական խմբավորումներ, որոնց անմիջականորեն աջակցում են այդ պետությունների հատուկ ծառայությունները։ Բայց մենք հստակ հասկանում ենք եւ գիտենք, որ ԿՀՎ-ն եւ մյուս ավելի հզոր հատուկ ծառայությունները, որոնք կանգնած են արբանյակ-երկրների հետախուզական ծառայությունների հետեւում, տիրապետում եւ ուղղորդում են այս իրավիճակը, ֆինանսավորում դրանք»,- ասել է նա։