Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ծրագրում է նոյեմբերի 3-ից 4-ը այցելել Չինաստան՝ փորձելով հավասարակշռել բիզնես շահերը եւ մարդու իրավունքների ոտնահարման հարցը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Սա կլինի Շոլցի՝ որպես Գերմանիայի ղեկավարի առաջին այցը Չինաստան՝ դեկտեմբերին պաշտոնը ստանձնելուց ի վեր, եւ կանցլերը կօգտագործի Պեկինում անցկացվելիք բանակցությունները՝ պարզաբանելու համար ուկրաինական հակամարտությունում Չինաստանի երկակի դերը», - ասել է աղբյուրներից մեկը:
Որպես Ասիա առանձին ուղեւորության մաս՝ Շոլցը նախատեսում է նոյեմբերի 12-ից 14-ը մեծ գործարար պատվիրակության հետ այցելել Վիետնամ եւ Սինգապուր, այնուհետեւ նոյեմբերի 15-ից 16-ը մեկնել Ինդոնեզիայի Բալի քաղաքում կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովին:
Շոլցի ճամփորդական ծրագրերը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Գերմանիայի ռազմավարությունը փոխելու ավելի լայն ջանքերի մի մասն են, ինչը կարող է մեծացնել լարվածությունը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Սակայն կանցլերը առաջնահերթություն է դարձրել Սիի հետ հանդիպումը՝ հարաբերությունները բարելավելու համար: Չնայած տարբերություններին՝ Շոլցը համոզված է, որ Եվրոպային պետք է Չինաստանը՝ որպես կլիմայի փոփոխության դեմ միջազգային պայքարի գործընկեր։
Գերմանիայի կառավարությունն աշխատում է Չինաստանի համար նոր ազգային ռազմավարության մշակման վրա, որն ուղղված է աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունից կախվածության նվազեցմանը:
«Մեզ պետք չէ առանձնանալ որոշ երկրներից: Ես խստորեն ասում եմ, որ մենք պետք է շարունակենք բիզնեսը Չինաստանի հետ: Բայց մենք նաեւ պետք է համոզվենք, որ առեւտուր ենք անում աշխարհի մնացած մասի հետ», ավելի վաղ գործարարների հետ կայացած հանդիպման ընթացքում ասել է Շոլցը:





























